Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«ԵՎՍ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ԱՄԻՍ, ԵՎ ԲՈԼՈՐՍ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՁԱԽՈՂՄԱՆ ԱԿԱՆԱՏԵՍԸ ԿԼԻՆԵՆՔ»

«ԵՎՍ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ԱՄԻՍ, ԵՎ ԲՈԼՈՐՍ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՁԱԽՈՂՄԱՆ ԱԿԱՆԱՏԵՍԸ ԿԼԻՆԵՆՔ»
08.06.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ
-Պարոն Սուրենյանց, ռուս-ամերիկյան հարաբերությունները խիստ բարեհաջող «վերալիցքավորվում» են, այնուհանդերձ, դա չի խանգարում որոշ ամերիկյան փորձագետների` թուրք-ռուսական ջերմացող հարաբերությունների «ծիրում» Ռուսաստանը համարել «չարի առանցք»:
-Խիստ չափազանցված գնահատական է, որը «կիսել» հնարավոր չէ: Ռուսաստանը և ռուս-թուրքական հարաբերությունները չեն կարող «չարի առանցք» լինել, որովհետև տարածաշրջանային երկու մեծ տերությունները որոշել են ընդհանուր հայտարարի գալ ռեգիոնալ մի շարք հարցերում: Չնայած չափազանց լավատես լինել էլ պետք չէ: Պետք չէ մեծ վստահությամբ խոսել ռուս-թուրքական գլոբալ համաձայնությունների մասին, որովհետև Մեդվեդևի հենց վերջին այցի ժամանակ, «Հարավային հոսքի» առնչությամբ, համաձայնություն ձեռք չբերվեց, դրանով է, թերևս, պայմանավորված այսօր ՌԴ վարչապետի այցը Թուրքիա. արձանագրենք, որ այդ խնդիրը ռուս-թուրքական հարաբերությունների ամենաառանցքային հարցերից մեկն է, և ինչ-որ առումով կարող է դառնալ լակմուս` վերջին շրջանում Իսրայել-Թուրքիա լարվածության հետևանքով փոփոխված տարածաշրջանի համար: Բոլոր դեպքերում, ռուս-թուրքական մերձեցում կա, և այն չի կարող իր ազդեցությունը չունենալ տարածաշրջանային, մասնավորապես ԼՂ-ի, հակամարտությունների վրա:
-Մերձեցման ո՞ր մասը կլինի Հայաստանի հաշվին: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը սիրում է ասել` Հայաստանը կդառնա մանրադրամ այս մեծ խաղում, նույնատիպ տեսակետ է հայտնել նաև Ժիրայր Լիպարիտյանը, և ընդհանրապես, բոլորս էլ ենթագիտակցական ինչ-ինչ տագնապներ այդ առնչությամբ ունենք:
-Դա այդպես է, որովհետև կա տպավորություն, որ Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարները բանակցում են Ադրբեջանի ու Հայաստանի փոխարեն: Եվ այն պարագայում, երբ թուրք-ադրբեջանական նույնականությունը կասկած չի հարուցում, նույնը չի կարելի ասել Ռուսաստանի ու Հայաստանի մասին: Հետևաբար, Ռուսաստանը միանշանակ օգտագործում է հայկական խաղաքարտը` իր խնդիրները լուծելու համար: Պատմությունն ունի ռուս-թուրքական մերձեցման բազմաթիվ դեպքեր, երբ հայ ժողովուրդը, անկախ նրանից` ունեցե՞լ է պետականություն, թե՞ ոչ, բավականին տուժել է: Եվ այսօր սպասել, թե ռուսներն ավելի բարեգութ կլինեն, իհարկե, անհեթեթություն է, որովհետև իրենք ունեն կոնկրետ շահեր, իրենք տեսնում են, որ Թուրքիայի հետ մերձեցումն է տարածաշրջանում իրենց ազդեցությունը պահպանելու երաշխիքներից մեկը, և հանուն դրա, ցավոք, կարող են գնալ ամեն ինչի։ Ըստ այդմ, տեսանելի է, որ Ռուսաստանը ոչ հայանպաստ դերակատարություն է ունենալու Լեռնային Ղարաբաղի խնդրում:
-Ի՞նչ նկատի ունեք, պարոն Սուրենյանց:
-Վախենամ, որ, այսպես կոչված, տարածքների հանձնման գործընթացում Ռուսաստանը որոշակի պայմանավորվածություն ստանձնի, և Մեդվեդևի այցի ընթացքում, որը տեղափոխվեց օգոստոս, արդեն իսկ ծանր զրույց սկսվի երկու երկրների նախագահների միջև:
-Իսկ ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, Միացյալ Նահանգների դիրքորոշումը:
-Բոլոր դեպքերում, տպավորություն կա, որ ԼՂ-ի հակամարտության համապարփակ կարգավորման բանալին գտնվում է Վաշինգտոնում: Ռուս-թուրքական հնարավոր պայմանավորվածությունները և Ղարաբաղի խնդրի վրա դրանց ազդեցությունը քիչ իրականանալի են, ուղղակի Միացյալ Նահանգները, ըստ ամենայնի, որոշակի ժամանակ է տվել համանախագահող երկրներից մեկին, որ վերջինս այս փուլում ակտիվ դերակատարություն ունենա ղարաբաղյան գործընթացում: Գրեթե համոզված եմ, որ ռուսական ջանքերը հաջողությամբ չեն պսակվելու: Կարծում եմ` Էրդողան-Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ դարձյալ առաջնային է լինելու Ղարաբաղի հարցը: Ռուսներն ու թուրքերն առայժմ վերջնականապես համաձայնության չեն հանգել անգամ Ադրբեջանի նախագահի հետ, որովհետև երկու շրջան հանձնելու տարբերակը ձեռնտու չէ անգամ մեծ հավակնություններ ունեցող Ադրբեջանին, մանավանդ Եվրախորհրդարանի վերջին բանաձևից հետո: Այս ամենից հետո ականատեսն ենք լինելու ԼՂ-ի խնդրում Վաշինգտոնի դիվանագիտական ջանքերի ակտիվացման:
-Փորձենք ճշտել` հակամարտության կարգավորման հարցում ո՞րն է ամերիկյան նախագիծը, որը` ռուսականը:
-Միացյալ Նահանգները, ինչպես ասացի, ցանկանում է ԼՂ-ի խնդրի համակողմանի լուծում: Այսինքն, նա կողմ է, որ ստորագրվի կարգավորման մեծ համաձայնագիր, ուր հստակ կլինեն բոլոր հարցերի պատասխանները` տարածաշրջանային կտրվածքով, նաև որոշակի անդրադարձ կլինի Ղարաբաղի կարգավիճակին, կհստակեցվի այս խնդիրը ևս` նշելով մեխանիզմները: Իսկ ռուս-թուրքական պայմանավորվածությունները վերաբերում են լոկալ խնդիրների, ասենք, երկու շրջանների վերադարձին: Դա ոչ թե կարգավորման համապարփակ ծրագիր է, այլ դիսկրետ քայլ, որը պիտի ապահովի Ռուսաստանի և Թուրքիայի միջև ավելի մեծ, հիմնականում տնտեսական համաձայնությունների կայացումը:
-Այդ երկու նախագծերից ո՞րն իրականանալու ավելի մեծ հնարավորություններ ունի:
-Ռուս-թուրքական համաձայնությունները կյանքի կոչվելու շատ փոքր հնարավորություն ունեն, որովհետև ակնհայտ է, որ դրանք ուղղված են առավելապես քարոզչական հարթությանը, քան պրակտիկ քաղաքականությանը: Պարզ է, որ Հայաստանի որևէ նախագահի համար դժվար է լինելու, առանց համապարփակ կարգավորման, մեկ քայլով գնալու երկու շրջանի վերադարձման, այն էլ, երբ խոսքը Քելբաջարի մասին է։
-Իսկապե՞ս նման միտում կա, թե՞ դա ևս պարզ քարոզչական հնարք է: Շատն ուզում են, որ քիչն ստանան:
-Համենայն դեպս, թուրքական լրատվամիջոցներում, որոնք նաև իշխանության տեսակետն են արտահայտում, շրջանառվում են նման գաղափարներ, և այդ գաղափարները Թուրքիայի իշխանության մակարդակով չեն հերքվում: Ինքս ֆորմալ առումով առավել հավանական եմ համարում ԵԱՀԿ ՄԽ-ի, իսկ իրականում Միացյալ Նահանգների նախագծի իրականացումը:
-Ի՞նչ ժամկետներում:
-Կարծում եմ` ևս մեկ-երկու ամիս, և բոլորս ռուս-թուրքական նախագծի ձախողման ականատեսը կլինենք:
-Ինչի՞ց է սնվում Ձեր «լավատեսությունը»: Ինչո՞ւ եք կարծում, որ այն անպայման կտապալվի:
-Ես հո՛ւյս ունեմ և կարծում եմ` Հայաստանի իշխանությունն այս անգամ, մանավանդ երբ ունի մանևրելու հնարավորություն, չի տրվի Կրեմլի թելադրանքին, մանավանդ որ Կրեմլի թելադրանքն ակնհայտորեն հակասում է մեր ազգային շահերին:
-«Մանևր» ասելով նկատի ունեք Սերժ Սարգսյանի բրյուսելյան ա՞յցը, Սոչի չմեկնե՞լը:
-Նկատի ունեմ իշխանության կողմից արևմտյան պոտենցիալ ռեսուրսի կիրառումը:
-Այդ ի՞նչ ռեսուրս է:
-Համենայն դեպս, ռուս-թուրքական համաձայնությունները, եթե դրանք առկա են ԼՂ-ի խնդրի շուրջ, ապա ակնհայտ է, որ ո՛չ պաշտոնական Վաշինգտոնը, ո՛չ էլ Բրյուսելը Հայաստանի վրա ճնշումներ չեն գործադրի այդ հարցով: Եվ եթե Հայաստանը սկզբունքային դիրքորոշում որդեգրի ու չենթարկվի Կրեմլի թելադրանքին, օրակարգում կհայտնվի տարբերակ, որը, իհարկե, հայանպաստ չէ, բայց ավելի հավասարակշռված է:
-Ավելի կոնկրետ` ի՞նչ կանի Սերժ Սարգսյանը:
-Տպավորություն կա, որ Սերժ Սարգսյանը, ժամանակ ձգձգելով, այնուամենայնիվ, փորձելու է չեզոքացնել ռուս-թուրքական հնարավոր համաձայնությունը:
-Իսկ ի՞նչ եք կարծում, այդ ընթացքում կհայտնվի՞ այն մենթալ դաշտը, որը կօգնի իրեն այդ հարցում, թե՞ էլի կլինեն ռուս էմիսարներ, որոնք հարկավոր պահին կհայտնվեն «հարկավոր» տեղում` «հարկավոր» գործն անելու համար, և արդյոք հենց դա՞ չէր պատճառը, որ նույն Սերժ Սարգսյանը վերջերս հանկարծ հիշեց «հինգերորդ շարասյան» գոյության մասին:
-Ռուս էմիսարներ` և՛ գործուղված, և՛ Հայաստանում գտնվող, անպայման կլինեն։ Դա անխուսափելի է։
-Անուններ կթվե՞ք:
-Չեմ թվի, որովհետև չեմ ցանկանում գովազդել մարդկանց, որոնք օտար երկրների շահերն են սպասարկում:
-Շա՞տ են նրանք մեզանում:
-Իհարկե, շատ են, և քաղաքական դաշտում, գիտեք, կռիվ է, թե ով է իրենցից ավելի մոտ կանգնած Վլադիմիր Վլադիմիրովիչին, Դմիտրի Անատոլիչին, մի խոսքով` Կրեմլին. այդ վիրուսը խիստ տարածված է մեզանում, ընդ որում, թե՛ իշխանությունում, թե՛ ընդդիմությունում։ Ռուսասերները կամ ռուսամետները Հայաստանի քաղաքական դաշտում սնկի պես են աճում:
-«Հակասունկ» է պետք, պարոն Սուրենյանց: Իսկ ընդհանրապես, հնարավոր չէ՞ նրանց չեզոքացնել:
-Նրանք չեզոքանալու են ինքնին` ժամանակի ընթացքում: Որովհետև տարիների ընթացքում Ռուսաստանի դրդմամբ այնքան անհեթեթություններ են հայաստանյան ներքաղաքական օրակարգ բերվել, որ արդեն հասարակական կարծիքն է ընդդիմանում կրեմլյան այդ նախագծերին, այդ գործիչներին: Հայ հասարակությունը երկու իրադարձություններից հետո սկսել է վերանայել իր կողմնորոշումները, նկատի ունեմ ռուսական կողմնորոշումը. մեկը հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն է, մյուսը` մարտի 1-ի սպանդը:
-Դա այդպես է, սակայն, կարծում եմ` զգայական և մենթալ պլանում իր որոշիչ վերջակետը դրեց ռուս-թուրքական վերջին մերձեցումը:
-Նաև դա: Շարքը երկար կարելի է շարունակել:
-Ի դեպ, պարոն Սուրենյանց, խոսակցություններ կան, որ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հանդիպումներ է կազմակերպում հայ ընդդիմադիրների հետ, ընդ որում` «պերսոնալ»: Ձեզ հետ հանդիպե՞լ են:
-Նման հանդիպումների մասին խոսել չէի ցանկանա: Ինչ վերաբերում է «օֆիցիալ» հանդիպումներին, նման հանդիպումներ չեն եղել, եղել են փորձագիտական մակարդակով հանդիպումներ:
-Տիկին Յովանովիչի՞ հետ:
-Ո՛չ: Գոնե ես տիկին Յովանովիչի հետ չեմ հանդիպել. վերջինիս հետ հանդիպել է մեր կուսակցության ղեկավարը` մոտ մեկ ամիս առաջ:
-Ե՞վ:
-Խոսել են տարբեր խնդիրների մասին` և՛ ներքին, և՛ արտաքին, հատկապես` ԼՂ-ի խնդրի շուրջ:
-Ե՞վ:
-Նման հանդիպումների և խոսակցությունների մանրամասները չեն բարձրաձայնվում:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1259

Մեկնաբանություններ